Նրանից, թե ինչպես է կազմված այս փաստաթուղթը, կախված է ոչ միայն Ձեր կարիերան, այլ նաև, հնարավոր է, Ձեր ամբողջ մնացած կյանքը: Այս հոդվածում կխոսենք, թե ինչ պետք է իմանալ լավ ռեզյումե կազմելու համար:
Ինչ ձևով էլ որ փնտրեք աշխատանք (բարեկամների միջոցով, թերթով, ինտերնետով), վաղ թե ուշ կգա մի պահ, երբ Ձեզանից կպահանջեն ներկայացնել (ուղարկել) Ձեր ռեզյումեն: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ անգրագետ կազմված ռեզյումեով աշխատանք գտնելու հավանականությունը շատ փոքր է:
Քննարկենք հետևյալ հարցերը.
- Ինչի՞ համար է անհրաժեշտ ռեզյումեն,
- Ինչպիսի՞ն պետք է լինի ռեզյումեի կառուցվածքը:
Ինչի համար է անհրաժեշտ ռեզյումեն
Ռեզյումեն աշխատանք գտնելու ամենաարդյունավետ գործիքներից է: Այն իրենից ներկայացնում է Ձեր կենսագրության վերաբերյալ գործատուի համար կարևոր փաստերի համառոտ նկարագիր` հիմնականում կապված Ձեր աշխատանքային փորձի, ունակությունների և գիտելիքների հետ: Ռեզյումե կարդալու վրա միջինում ծախսվում է մեկից երկու րոպե, ուստի շատ կարևոր է միանգամից գրավել գործատուի ուշադրությունը, հետաքրքրել նրան և ցանկություն առաջացնել հրավիրելու Ձեզ հարցազրույցի: Ռեզյումե կազմելիս պետք է միշտ հիշել, որ այն դառնալու է Ձեր հրավիրատոմսը, որով Դուք առանձնանալու եք աշխատանք փնտրող մարդկանց բազմությունից:
Ռեզյումեի կառուցվածքը
Ռեզյումեն սովորաբար բաղկացած է լինում 1-2 էջից և ներառում է հետևյալ մասերը.
Կոնտակտային տվյալներ
- Անուն և ազգանուն (հայրանունը կարելի է չգրել),
- Հասցե (ամբողջությամբ` ներառյալ ինդեքսը),
- Հեռախոսահամար (տնային, բջջային, աշխատանքային` քաղաքային կոդով. աշխատանքային համարը նշել միայն այն դեպքում, եթե աշխատավայրում հնարավորություն ունեք բավական ազատ շփվելու),
- Էլեկտրոնային փոստի հասցե (եթե դեռ չունեք անձնական փոստային արկղ, մինչ ռեզյումեն ուղարկելը անպայման բացեք այն):
Նպատակը (պարտադիր չէ, բայց ցանկալի է): Եթե ռեզյումեն ուղարկվում է կոնկրետ աշխատատեղի համար, ապա որպես նպատակ նշվում է այդ աշխատատեղի անվանումը կամ կոդը: Եթե ունեք մի քանի տարբեր նպատակներ, կարելի է կազմել 2-3 ձևի ռեզյումեներ: Ավելի լավ է ունենալ մի քանի տարբեր ասպեկտների համար կազմված ռեզյումեներ, քան մեկ ընդհանուր ռեզյումե:
Որակավորումը: Համառոտ ներկայացվում է պոտենցիալ գործատուի համար ավելի նշանակալի ինֆորմացիա Ձեր մասնագիտական ունակությունների, ուժեղ կողմերի և ձեռքբերումների մասին:
Աշխատանքային փորձը: Թվարկվում է հակառակ հերթականությամբ (սկզբում նշվում է վերջին աշխատատեղը): Սա ռեզյումեի, թերևս ամենակարևոր մասն է, որում նկարագրվում է Ձեր աշխատանքային փորձը, որպես կանոն, վերջին տաս տարվա համար հետևյալ սխեմայով.
- Ընկերության անվանումը,
- Ընկերության գործունեության ուղղվածությունը,
- Աշխատանքային ժամանակահատվածը,
- Պարտականությունները,
- Մասնագիտական ունակություններն ու ձեռքբերումները:
Ձեր ձեռքբերումները նկարագրելիս օգտագործեք այնպիսի բայեր, ինչպիսիք են զարգացրեցի, խնայեցի, ընդլայնեցի կամ կրճատեցի:
Կրթությունը: (Ինչքան շատ ժամանակ է անցել վերջին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, այնքան ավելի քիչ ուշադրություն պետք է գրավի այս փաստը): Անհրաժեշտ է հիշատակել նաև լրացուցիչ կրթության մասին` կուրսեր, սեմինարներ, ստաժավորում և այլն:
Լրացուցիչ ինֆորմացիա: Օտար լեզուների և համակարգչի տիրապետելը, վարորդական իրավունք ունենալը, մասնագիտացված կազմակերպություններին անդամակցությունը և այլն (հոբբին նշել միայն այն դեպքում, եթե այն սերտորեն կապված է ցանկալի աշխատանքի հետ):